Ծիրանի ծառը

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Արկածախնդրական — Արկածախնդրին հատուկ:

Նորելուկ — Որևէ ասպարեզում նոր հայտնված՝ նոր հրապարակ իջած (մարդ):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s